Ապրիլի 10-ից սկսվեց էսսեագրության փորձնական քննության հերթական փուլը։
Այն իրականացվեց Գեղարքունիքի մարզի Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի միջնակարգ դպրոցում։
Ծրագրին մասնակցեցին 72 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և տնօրենի տեղակալներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 35 սովորողների համար։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն հետևելու գործընթացին, այլև անմիջականորեն ներգրավվելու էսսեներ գրելու, դրանք քննարկելու, գնահատման չափանիշներին համապատասխան գրավոր աշխատանքները ստուգելու և մասնագիտական փորձը հարստացնելու գործում։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանն իր խոսքում ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը՝ շեշտադրելով, որ դրանք էական ազդեցություն ունեն ուսուցիչների մասնագիտական զարգացման, համագործակցային միջավայրի ձևավորման և կրթության որակի շարունակական բարելավման վրա։ Նա նաև նշեց, որ հիմնադրամը նախատեսում է ապահովել ծրագրի շարունակականությունը՝ ընդլայնելով այլ մարզերում ևս։
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։ ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները մեծագույն բավականություն ստացան՝ դպրոցում շրջայցի ընթացքում դիտելով տարբեր առարկաներից նախագծային աշխատանքների արդյունքները, որոնց ներկայացումը ապահովեցին հենց իրենք՝ աշակերտները։
Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է գործնական սեմինարների շարքը՝ նպաստելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանն ու արդյունավետ աջակցությանը էսսեի ներդրման ուղղությամբ։
Comments
Post a Comment