Ապրիլի 14-ին Խ․ Աբովյանի տուն-թանգարանում հերթական օրինակելի միջոցառումն էր։ Այն նվիրված էր Լուսավորչի հիշատակին։ Օրը նշանավորվեց՝
ա/ «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացմամբ,
բ/ «Վերք Հայաստանի» պատմավեպի բնօրինակ ձեռագրի ցուցադրությամբ,
գ/ Բացառիկ գրական դատով՝ նվիրված Աբովյանի առեղծվածային անհետացման 178-ամյակին։
Դատի բեմականացումը փայլուն կատարմամբ ներկայացրին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 2-4-րդ կուրսի ուսանողները։ Նրանք ապշեցրին իրենց կատարած հետազոտական աշխատանքով, բեմական և գրագետ խոսքի հրաշալի կատարմամբ, Աբովյանի հանդեպ ունեցած խոր երախտագիտությամբ։ Ուսանողները Աբովյանի ուսուցման հրաշալի մեթոդի հեղինակներ դարձան, որը կարող է կիրառվել նաև հանրակրթական դպրոցներում։
Բազմամարդ էր թանգարանի դահլիճը․ ներկա էին Խ․ Աբովյանի և վեպի գլխավոր հերոս Աղասու ժառանգները, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, տարբեր դպրոցների աշակերտներ։ Ներկա էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, որը բարձր գնահատեց տնօրեն Արևիկ Ստամբոլցյանի և ողջ անձնակազմի նվիրված աշխատանքը, միջոցառումների բարձրաճաշակ կազմակերպումը, չկրկնվելու բացառիկ շնորհը։ Ելույթ ունեցան նաև ԵՊՀ դասախոսներ Սամվել Մուրադյանը, Արծրուն Ավագյանը, Աղասու ժառանգ բանաստեղծուհի Ջուլիետա Սահակյանը։
Օրվա ավարտին տոնական սեղանի շուրջ շարունակվեցին շնորհավորանքները։ Օրը դեռ երկար կմնա ներկաների հուշերում։
Comments
Post a Comment