Ինտեգրված էսսեի փորձնական քննություն Արարատի մարզում


Ապրիլի 17-ին  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը այցելել են Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ իրականացրել են էսսեի փորձնական քննություն 9-րդ դասարանցիների համար։։ 

Ծրագրին մասնակցեցին մոտ 90 ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և տնօրենի տեղակալներ, իսկ էսսեի քննությունը կազմակերպվեց 9-րդ դասարանի 113 սովորողների համար։  

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն հետևելու գործընթացին, այլև անմիջականորեն ներգրավվելու էսսեներ գրելու, դրանք քննարկելու, գնահատման չափանիշներին համապատասխան գրավոր աշխատանքները ստուգելու և մասնագիտական փորձը հարստացնելու գործում։ 

Հավաքվածներին ողջունեց Արարատի մարզի հանրակրթության վարչության պետ Մարտին Մանուկյանը։ Նա կարևորեց գործընթացը և հույս հայտնեց, որ Արարատի մարզի դպրոցները հաջողելու են այս պատասխանատու աշխատանքում։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանն իր խոսքում ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը՝ շեշտադրելով, որ դրանք էական ազդեցություն ունեն ուսուցիչների մասնագիտական զարգացման, համագործակցային միջավայրի ձևավորման և կրթության որակի շարունակական բարելավման վրա։ Նա նաև նշեց, որ հիմնադրամը նախատեսում է ապահովել ծրագրի շարունակականությունը՝ ընդլայնելով այլ մարզերում ևս։ 

Այցի շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը դպրոցի տնօրեն Մարիամ Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, հանդիպել տարրական դասարաններում սովորողների հետ՝ հետաքրքրվելով նրանց առօրյայով, ուսումնական գործընթացով, ինչպես նաև ուսումնասիրել է իրենց տարիքային խմբին ուշ միացած  7-8 տարեկանների ուսումնական   գործունեությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Մարիամ Հակոբյանին՝ գործընթացի պատշաճ կազմակերպման և մասնակիցներին հյուրընկալելու համար։ 

Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակաբար իրականացնելու է գործնական սեմինարների շարքը՝ նպաստելով ուսուցիչների և սովորողների մասնագիտական զարգացմանն ու արդյունավետ աջակցությանը էսսեի ներդրման ուղղությամբ։  

Նման գործընթացները շարունակական են լինելու։ 


 






















Comments