Հանդիպում դպրոցների գրադարանավարների հետ


Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Շառլ Ազնավուրի անվան գրադարանում կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի մասնագետ, մայրենիի դասագրքերի համահեղինակ Աստղիկ Բալայանի հանդիպում - սեմինարը դպրոցների գրադարանավարների հետ: 

Սեմինարը նպատակ ուներ նպաստելու դպրոցների գրադարանավարների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ամրապնդելու աշխատանքում անհրաժեշտ ժամանակակից հմտություններն ու մոտեցումները։ 

Դասընթացի ընթացքում Աստղիկ Բալայանը ներկայացրեց Հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի ներդրման ուղղությամբ դպրոցների գրադարանավարների դերը և նրանց ներկայացվող ժամանակակից պահանջները՝ անդրադառնալով ոլորտում կիրառվող նորարարական մեթոդներին, թվային գործիքներին և արդյունավետ կառավարման մոտեցումներին։ Նա հատկապես ընդգծեց, որ ժամանակակից դպրոցական գրադարանը պետք է լինի ոչ միայն դասագրքերի ու գրքերի պահպանման և տրամադրման վայր, այլև կրթական, ստեղծագործական ու հետազոտական ակտիվ միջավայր, որը խթանում է սովորողների ընթերցասիրությունն ու ինքնուրույն ուսումնառությունը։

Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ոլորտի մասնագետների շարունակական զարգացման, այլև դպրոցական գրադարանների վերափոխման տեսանկյունից։ Դրանք նպաստում են ներառական և սովորողակենտրոն գրադարանային միջավայրի ձևավորմանը, որտեղ գրադարանը կրթական գործընթացի կարևոր օղակ է։

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում կազմակերպվող նման հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծում են գրադարանավարի դերի կարևորությունը կրթության համակարգում և մասնագիտական շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ էր գրադարանային աշխատանքի արդիականացման և կրթական միջավայրում գրադարանների դերի վերարժևորման ուղղությամբ։





Comments