ԿԶՆԱԿ-ում մեկնարկել է երեխաների պաշտպանությանն ուղղված նոր կրթական ծրագիր

A blue circle with white text and a logo

AI-generated content may be incorrect.             

Ապրիլի 8-ին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) մեկնարկել է երեխաների պաշտպանությանն ուղղված նշանակալի կրթական նախաձեռնություն՝ «Երեխաների պաշտպանություն․ ուսուցիչների և անչափահասների կարողությունների զարգացում՝ առցանց սեռական բռնության և ռիսկային վարքագծի կանխարգելման ու հաղթահարման նպատակով» խորագրով ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ՝ միավորելով ոլորտի առաջատար փորձն ու ռեսուրսները՝ երեխաների անվտանգ միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Մեկնարկային միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարբեր դպրոցներից 24 ուսուցիչներ, ովքեր ներգրավվել են ծրագրում։  Ծրագիրը միտված է մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ նրանց զինելով արդիական գիտելիքներով և գործնական հմտություններով երեխաների պաշտպանության ոլորտում, հատկապես՝ թվային միջավայրում առկա ռիսկերի արդյունավետ կանխարգելման նպատակով։ 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով թեմայի հրատապությունն ու նման ծրագրերի կարևոր դերը կրթական համակարգի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման գործում։ Բացման խոսքով հանդես են եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։ 

Գևորգ Սիմոնյանն իր ելույթում կարևորել է համագործակցությունը՝ ընդգծելով, որ ԿԶՆԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ իրականացվող այս ծրագիրը ժամանակակից մարտահրավերներին համարժեք պատասխան է և ունի շարունակական զարգացման մեծ ներուժ։

Սեմինարը վարել են ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Կարինե Հարությունյանը, իրավաբան Սերգեյ Ղազինյանը և հոգեբան Անահիտ Խաչատրյանը, ովքեր ներկայացրել են գործնական մոտեցումներ, գործիքներ և մեթոդներ՝ ուղղված երեխաների պաշտպանության, ռիսկային վարքագծի կանխարգելման և անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը։

Դասընթացն անցել է ակտիվ, ներգրավված և համագործակցային մթնոլորտում՝ խթանելով փորձի փոխանակումը, մասնագիտական երկխոսությունը և ուսուցիչների կարողությունների զարգացումը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են շարունակական դասընթացներ և սովորողների ակտիվ ներգրավմամբ իրականացվող նախագծեր, որոնք միտված են ձևավորելու անվտանգ և պաշտպանված կրթական միջավայր՝ ամրապնդելով երեխաների իրավունքների պաշտպանությունը և նվազեցնելով ժամանակակից, հատկապես թվային միջավայրում առկա ռիսկերը։












Comments