Ամփոփվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում-9» ծրագիրը

Այսօր Լոռու մարզի Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ամփոփվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի  կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որն արդեն իններորդ անգամ համախմբել էր ծրագրին մասնակից դպրոցների թիմերին և համայնքային ակտիվ ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված 25 դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ և ծնողներ։

Միջոցառմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանը, Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Ն. Սիրականյանը և բաժնի մասնագետ Ն. Մնացականյանը։
Ելույթով հանդես եկավ Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը հատկապես հայրենաճանաչության համատեքստում, որն էլ հանդիսանում է ծրագրի առանցքային ուղղությունը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ծրագրի ընթացքը ներկայացնող ֆիլմ, ներկայացվեցին մշակութային ելույթներ՝ երգ և պար, ինչպես նաև անցկացվեց պանելային քննարկում։ Քննարկմանը մասնակցեցին դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ և ծնողներ՝ ներկայացնելով ծրագրի ուժեղ կողմերը և ձեռքբերումները։
Հնչեցին նաև կառուցողական առաջարկներ՝ ուղղված ծրագրի հետագա զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Ընդգծվեց, որ ծրագիրը կարևոր դեր ունի սովորողների արժեքային համակարգի ձևավորման և ամրապնդման գործում։

Միջոցառման ավարտին ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանը հավաստագրեր հանձնեց ծրագրում ակտիվորեն ներգրավված դպրոցներին և շնորհակալություն հայտնեց Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի  թիվ 2 դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանին՝ միջոցառման կազմակերպման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Ամփոփիչ միջոցառումն ավարտվեց ծրագրի հիմնով՝ ստեղծելով ոգևորիչ և միավորող մթնոլորտ բոլոր մասնակիցների համար։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին





































Comments