«Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի շրջանակում այցելություն դպրոցներ

Մայիսի 11-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաև Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի ներկայացուցիչները «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի ավարտին այցելել են Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Երևանի թիվ 198 ավագ, Աբովյանի թիվ 2 հիմնական, Սիսավանի և Վանաշենի միջնակարգ դպրոցներ՝ տեղում ծանոթանալու կրթական միջավայրին, դպրոցների հնարավորություններին և կատարված աշխատանքներին։
Այցերի ընթացքում Ժաննա Հարությունյանը և Էստոնիայի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ, տեղում ծանոթացել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին և դպրոցներում արձանագրված փոփոխություններին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են կրթական միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, համագործակցության արդյունքները և ծրագրի ազդեցությունը դպրոցների զարգացման գործընթացում։
Հյուրերը շփվել են նաև սովորողների հետ, ծանոթացել դպրոցների առօրյային, մասնակցել ազգային պարի ներկայացմանը և քննարկել դպրոցի կառավարման արդյունավետությանն առնչվող հարցեր։
Առաջիկա երեք օրերի ընթացքում ծրագրում ներգրավված դպրոցները կմասնակցեն դասընթացների, որոնց ընթացքում կներկայացնեն ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները և իրենց դպրոցներում արձանագրված փոփոխությունները։ Դասընթացները հնարավորություն կընձեռեն նաև փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման քայլերի քննարկման համար։
Նշենք, որ ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվել ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթություն ապահովող դպրոց։































Comments