«Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի շրջանակում մեկնարկել են վերապատրաստումները

Մայիսի 12-ին մեկնարկել են «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի շրջանակում կազմակերպվող վերապատրաստումները, որոնք անցկացվում են Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում:

Վերապատրաստումներին մասնակցում են ծրագրում ներգրավված դպրոցների ղեկավարներն ու մանկավարժները, ինչպես նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի, Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի ներկայացուցիչները։

Առաջիկա երեք օրերի ընթացքում մասնակից դպրոցները կներկայացնեն ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները և իրենց դպրոցներում արձանագրված փոփոխությունները։ Դասընթացները հնարավորություն կընձեռեն փորձի փոխանակման, արդյունավետ համագործակցության ամրապնդման և կրթության զարգացմանն ուղղված հետագա քայլերի քննարկման համար։

Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև կրթական միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններին, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության կազմակերպմանը։

Նշենք, որ ծրագիրը մշակվել է Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու ժամանակակից, զարգացող և սովորողի կարիքներին համապատասխան կրթական միջավայր։

































Comments