Մայիսի 18-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ բացառիկ կրթական միջոցառում, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած աշակերտները ներկայացրին իրենց նախադեպը չունեցող միջմարզային նախագիծը՝ «Գրիգոր Զոհրապի նովելները արևելահայերենի համատեքստում» խորագրով։
Գաղափարի հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցիչներից կազմված «ԳոհԱր» թիմն էր՝ Գոհար Խաչատյանը (Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց), Գոհար Գրիգորյանը (Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց), Գոհար Գրիգորյանը (Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոց) և Արմինե Ղազարյանը (Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց)։
Մասնակիցները կատարել էին հետազոտություն․ հարցում էին իրականացրել 236 աշակերտների և ուսուցիչների շրջանում, ձևակերպել էին հիմնախնդիրը՝ «Ինչպե՞ս պահպանել Գրիգոր Զոհրապի նովելների գեղարվեստական արժեքը՝ միաժամանակ դրանք հասանելի դարձնելով արևելահայերենով սովորող աշակերտների համար՝ առանց աղավաղելու արևմտահայերենի լեզվական և ոճական առանձնահատկությունները»։
Հետամուտ լինելով հիմնախնդրին՝ սովորողները ստեղծել էին բազմաբնույթ և ինքնատիպ հիմնարդյունքներ՝ էջանիշներ, Զոհրապի և նրա հերոսների ֆեյսբուքյան էջեր, աուդիոգրքեր, բեմագրեր, կարճամետրաժ ֆիլմեր և այլ ստեղծագործական նյութեր։
Շնորհանդեսին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՊՉ և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, հիմնադրամի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ հետևում էին սովորողների արևմտահայերեն խոսքին, ինչպես նաև զոհրապյան նորավեպերի ինքնատիպ լուծումներով բեմադրություններին։ Բարձր գնահատականի արժանացան նաև կարճամետրաժ ֆիլմերն ու աուդիոգրքերը, իսկ հերոսների «չուղարկված նամակները» առանձնակի տպավորիչ էին՝ բացահայտելով նորավեպերում թաքնված հույզերն ու ենթատեքստերը։
Նախագծի գլխավոր հիմնարդյունքը ուսումնաօժանդակ ձեռնարկն էր, որը ստեղծվել էր մասնակից բոլոր դպրոցների սովորողների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ներառում էր Զոհրապի նորավեպերի արևելահայերեն փոխադրությունները, բառարաններ և քերականական հարուստ նյութ՝ բնագրերից ընտրված օրինակներով։ Ձեռնարկը կարող է արժեքավոր ուսումնական նյութ դառնալ թե՛ հայոց լեզվի և գրականության ուսուցիչների, թե՛ աշակերտների, ինչպես նաև արևմտահայերեն ընթերցելու դժվարություն ունեցող ընթերցասերների համար։
Միջոցառման ավարտին ներկաներին ամփոփիչ խոսքով դիմեց Ժաննա Հարությունյանը՝ կարևորելով նախագծային ուսուցման դերը ժամանակակից կրթության մեջ։ Իր խոսքում տնօրենը նշեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են սովորողների ստեղծագործական և հետազոտական կարողությունների զարգացմանը, այլև արժեքավոր կամուրջ են ստեղծում արևմտահայերենի և արևելահայերենի միջև՝ պահպանելով ազգային գրական ժառանգության ամբողջականությունն ու հասանելիությունը երիտասարդ սերնդի համար։ Նա ընդգծեց, որ այս նախագիծը կարևոր օրինակ է համագործակցային կրթության, միջմարզային կապերի ամրապնդման և սովորողակենտրոն կրթության իրականացման տեսանկյունից։ Նա հավելեց, որ այս նախագիծը իսկապես աննախադեպ նախաձեռնություն էր։
«Մենք թիմ ենք, և դա հրաշալի է» արտահայտությունը դարձավ սովորողների կողմից իրենց նախագծին տրված լավագույն բնութագրումը։
Comments
Post a Comment