
Այսօր ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանն այցելել է Երևանի թիվ 119 Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարան, որտեղ ծանոթացել է 10-րդ դասարանի սովորողների կողմից իրականացված նախագծային աշխատանքներին։
Այցի ընթացքում սովորողները ներկայացրել են իրենց ստեղծագործական և հետազոտական նախագծերը՝ «Ինչպե՞ս մեր դպրոցում ձևավորել կիբերբուլինգի կանխարգելման մշակույթ», «Ինչպե՞ս սովորողների մոտ նվազեցնել թվային կախվածությունը» և «Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները առցանց միջավայրում» թեմաներով։ Նախագծերը միտված էին բարձրացնելու սովորողների իրազեկվածությունը թվային անվտանգության, պատասխանատու առցանց վարքագծի և առողջ կրթական միջավայրի ձևավորման վերաբերյալ։ Նախագծերի շրջանակում սովորողները պատրաստել էին տեղեկատվական բուկլետներ, ինչպես նաև տեսահոլովակներ՝ նշված թեմաների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով։
Ժաննա Հարությունյանը ջերմորեն ողջունել է աշակերտներին, հետաքրքրվել նրանց աշխատանքներով և բարձր գնահատել սովորողների ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Նա ընդգծել է, որ նման նախագծերը կարևոր դեր ունեն սովորողների կարողությունների զարգացման, քննադատական մտածողության ձևավորման և ժամանակակից մարտահրավերներին գիտակցված արձագանքելու գործում։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ միավորելով ոլորտի առաջատար փորձն ու ռեսուրսները՝ երեխաների անվտանգ միջավայրի ձևավորման ուղղությամբ։
Ծրագրի շրջանակում նախագծային աշխատանքներ են իրականացվել ՀՀ 8 ուսումնական հաստատություններում։
Հանդիպումն անցել է անմիջական և ոգևորիչ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ կարևորելով նախագծային ուսուցման նշանակությունը ժամանակակից կրթական միջավայրում։




Comments
Post a Comment