Ավարտվեց «Հայաստանի պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների 14-ժամյա վերապատրաստման ծրագիրը

2025–2026 ուսումնական տարվա ընթացքում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամն իրականացրել է «Հայաստանի պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների 14-ժամյա վերապատրաստման ծրագիր, որի կազմակերպչական աշխատանքները համակարգել են ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական բաժնի մասնագետները։ 

Դասընթացները վարել են ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետներ՝ Սեդա Քոչարյանը և Հայկանուշ Ղևոնդյանը։ 

Վերապատրաստումը նախատեսված էր 10–11-րդ դասարաններում «Հայաստանի պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար։ Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի միջնակարգ և ավագ դպրոցների մանկավարժները ներգրավվել էին ձևավորված 10 ուսումնական խմբերում։ Վերապատրաստմանը փաստացի մասնակցել է 897 ուսուցիչ։

Ծրագրի նպատակն էր աջակցել ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ներկայացնել պատմության դասավանդման արդյունավետությունը բարձրացնող ժամանակակից մանկավարժական մոտեցումներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան պատմական մտածողության հիմնասյուների՝ պատմական տեսանկյունի, պատմական կարևորության, շարունակականության և փոփոխության զարգացմանը միտված մեթոդներին, տարբերակված ուսումնառության կիրառման առանձնահատկություններին, ինչպես նաև առարկայական պլանավորման և գնահատման նորարարական մոտեցումներին։

Վերապատրաստման կարևոր առանձնահատկություններից էր տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի արդյունավետ համադրումը։ Մասնակիցները ոչ միայն ծանոթացան նոր մեթոդներին, այլև գործնական առաջադրանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով հնարավորություն ունեցան դրանք կիրառել, վերլուծել և հարմարեցնել սեփական դասավանդման փորձին։ Նման ձևաչափը նպաստեց ուսուցիչների մեթոդական կարողությունների կատարելագործմանը, մասնագիտական համագործակցության ամրապնդմանը և պատմության դասավանդման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։


Հետադարձ կապի արդյունքները վկայում են, որ ուսուցիչները բարձր են գնահատել վերապատրաստման գործնական ուղղվածությունը՝ ընդգծելով ներկայացված մեթոդների կիրառելիությունը դասարաններում և դրանց նշանակությունը սովորողների վերլուծական, քննադատական և պատմական մտածողության զարգացման գործում։ Մասնակիցները հատկապես կարևորել են մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունը, դասավանդման նորարարական մեթոդների կիրառումը և այն գործիքները, որոնք պատմության դասերն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ են դարձնում։


ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է իրականացնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և հանրակրթության պետական չափորոշչի արդյունավետ ներդրմանը։


Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին












Comments