Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր հետազոտության՝ «Learning about Healthy Relationships: Effects of School-based Sexuality Education» հրապարակմանը նվիրված միջազգային վեբինարը (Global Launch Webinar), որի ընթացքում ներկայացվեցին առողջ հարաբերությունների ձևավորմանն ուղղված դպրոցական կրթության վերաբերյալ հետազոտության հիմնական արդյունքները և տարբեր երկրների փորձը։ Միջոցառումը համախմբել էր կրթության ոլորտի միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման և արդյունավետ կրթական մոտեցումների քննարկման նպատակով։
Վեբինարի բանախոսներից էր ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, «Առողջ ապրելակերպ» առարկայի աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, որը ներկայացրեց Հայաստանում «Առողջ ապրելակերպ» առարկայի ներդրման և զարգացման փորձը։
Իր ելույթում Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպես է 1999 թվականին մեկնարկած «Կյանքի հմտություններ» ծրագիրը տարիների ընթացքում վերածվել Հանրակրթության պետական չափորոշչում ներառված «Առողջ ապրելակերպ» առարկայի։ Նա ընդգծեց, որ Հայաստանի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ առողջ ապրելակերպի կրթությունը դիտարկվում է ոչ միայն որպես առողջության վերաբերյալ գիտելիքների փոխանցում, այլև որպես սովորողների սոցիալ-հուզական կարողությունների, արժեքային համակարգի և առողջ հարաբերություններ կառուցելու հմտությունների զարգացման գործընթաց։
Բանախոսը ներկայացրեց նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային համակարգը՝ կարևորելով մասնակցային և սովորողակենտրոն դասավանդման մեթոդների կիրառումը, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ձևավորումը, արժեքահեն կրթության սկզբունքները, ինչպես նաև ուսուցչի նոր դերը՝ որպես սովորողների ակտիվ մասնակցությունն ու երկխոսությունը խթանող առաջնորդի։ Ներկայացվեց նաև բազմափուլ վերապատրաստման դասընթացները, մենթորական աջակցությունը և մշակման փուլում գտնվող ինքնաշխատ առցանց մասնագիտական ուսուցման մտահղացումը, որոնք միասնաբար կպահովեն ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը։ Մինչ օրս ծրագրի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 2500 ուսուցիչ։
Ելույթում անդրադարձ կատարվեց նաև Տավուշի մարզում իրականացված փորձնական ներդրման արդյունքներին, որոնք ցույց են տվել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ դպրոցներում ձևավորվում են ավելի բաց, անվտանգ և վստահելի ուսումնական միջավայր, որում սովորողները պատրաստակամ են քննարկելու զգայուն թեմաներ, լսելու միմյանց և վարելու կառուցողական երկխոսություն։
Ամփոփելով ելույթը՝ Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ առողջ հարաբերությունները «Առողջ ապրելակերպ» առարկայի առանձին թեմա չեն, այլ այն հիմքն են, որի վրա կառուցվում են ուսուցման մյուս արդյունքները։ Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքի, վստահության և համագործակցության վրա հիմնված դպրոցական մշակույթը նպաստում է ոչ միայն սովորողների առողջության և բարեկեցության, այլև ավելի պատասխանատու և համերաշխ հասարակության ձևավորմանը։
Վեբինարին Հայաստանի մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր միջազգային մասնագիտական հանրույթին ներկայացնելու հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և «Առողջ ապրելակերպ» առարկայի ներդրման ու զարգացման ուղղությամբ ձևավորված փորձը։
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
Comments
Post a Comment