Կայացավ ԿԶՆԱԿ-ի «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» հանրապետական դպրոցական նախագծի եզրափակիչ փառատոնը

Հուլիսի 10-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) նախաձեռնած «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» հանրապետական դպրոցական նախագծի եզրափակիչ փառատոնը, որը համախմբեց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի դպրոցների ստեղծարար սովորողներին, մանկավարժներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին։

Փառատոնի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։

Ողջունելով ներկաներին՝ Նարինե Սիրականյանը նշեց, որ նախագիծը հերթական անգամ ապացուցեց, որ ժամանակակից կրթությունը չի սահմանափակվում դասագրքով կամ դասասենյակով․ այն  գործընթաց է, որտեղ սովորողը մտածում է, ստեղծագործում, համագործակցում և սեփական գաղափարները վերածում իրական արդյունքի։ Նրա խոսքով՝ «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» նախագիծը համադրել է կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները՝ նպաստելով սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության, համագործակցության, հաղորդակցման, թվային և մեդիագրագիտության, նախաձեռնողականության և պատասխանատվության զարգացմանը։

Նարինե Սիրականյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նախագծի շրջանակում ստեղծված ֆիլմերն անդրադարձել են երեխաներին և հասարակությանը հուզող արդիական թեմաների՝ ընկերությանը, ընտանեկան արժեքներին, անվտանգ կրթական միջավայրին, բնապահպանությանը, անձնական աճին և սոցիալական պատասխանատվությանը։ Նրա գնահատմամբ՝ այդ աշխատանքները ոչ միայն ստեղծագործական արդյունքներ են, այլև սովորողների աշխարհայացքի, արժեքների և ապագայի տեսլականի արտահայտությունը։

Հաջողված հանրապետական նախագիծ իրականացնելու գործում ունեցած ներդրման համար Նարինե Սիրականյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՊՄՀ դոցենտ, հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և շարունակական կրթության բաժնի պետ Վովա Արզումանյանին, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոռեժիսոր Նարեկ Պետրոսյանին, ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, նախագծի պատասխանատու Սիրինե Կոսյանին, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Սառա Նալբանդյանի։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նախագծի անցած ճանապարհն ամփոփող տեսանյութը, որից հետո ցուցադրվեցին նախագծի շրջանակում ստեղծված 15 լավագույն դպրոցական ֆիլմերը։ Ցուցադրություններին հաջորդեցին հեղինակային խմբերի հետ քննարկումները, որոնց ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց գաղափարները, ստեղծագործական ընթացքն ու ձեռք բերած փորձառությունը։ Միաժամանակ տեղի ունեցավ հատուկ անվանակարգերի մրցանակների, ինչպես նաև եզրափակիչ փուլին մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառումը վարեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք իրենց մասնագիտական պատրաստվածությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և բեմավարության մշակույթով ապահովեցին փառատոնի հանդիսավոր և ջերմ մթնոլորտը, իսկ տեխնիկական ապահովման պատասխանատուի շնորհիվ սովորողների հեղինակած ֆիլմերը ներկայացվեցին բարձր որակով և անխափան՝ ապահովելով փառատոնի պատշաճ կազմակերպումը։

Փառատոնի ավարտին հավաստագրեր հանձնվեցին եզրափակիչ փուլ անցած 42 դպրոցներին՝ արժևորելով կրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների ներդրումը նախաձեռնության հաջող իրականացման գործում։

Միջոցառման ավարտին նախագծի պատասխանատու Սիրինե Կոսյանը ներկայացրեց նախագծի շուրջ մեկ տարվա ճանապարհը՝ մշակումից մինչև փառատոն։

Եզրափակիչ փառատոնը դարձավ ոչ միայն նախագծի ամփոփումը, այլև դպրոցական ստեղծարարության, նորարարական կրթության և սովորողակենտրոն ուսուցման արդյունավետության լավագույ դրսևորումներից մեկը։

ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է հանդես գալ տարբեր նախաձեռնություններով, որոնք կրթությունը կդարձնեն հետաքրքիր, ժամանակակից և սովորողակենտրոն։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին



































Comments