«Խաղաղության քամի» միջազգային նախագիծը՝ որպես դպրոցականների համաշխարհային երկխոսության հարթակ

Սլովենիայի Հանրապետության կրթության նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցները միացել են «Խաղաղության քամի» միջազգային նախագծին, որի մասնակիցների շարքում են նաև Հայաստանի դպրոցականները։

Նախագծի նպատակն է խթանել տարբեր երկրների երեխաների միջև խաղաղության գաղափարի շուրջ երկխոսությունը, մշակութային հաղորդակցությունն ու փոխըմբռնումը։ Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է յուրահատուկ «ճամփորդող գիրք», որտեղ մասնակից երկրներից երեխաները ներկայացնում են խաղաղության մասին իրենց մտքերը, զգացմունքներն ու տեսլականները, այնուհետև գիրքը փոխանցվում է հաջորդ երկրին։

Նախագծի մեկնարկը տրվել է Սլովենիայում, որտեղ դպրոցականներն առաջինն են գրքի էջերում արտահայտել խաղաղության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու մտորումները։  Սլովենիայից գիրքը փոխանցվել է Հայաստանին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշակերտները շարունակել են նախաձեռնությունը՝ լրացնելով էջերը սեփական գրառումներով, ստեղծագործություններով և նկարազարդումներով։ Հայ երեխաները կիսվել են խաղաղ աշխարհի, համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի մասին իրենց պատկերացումներով։

«Խաղաղության քամի» նախագծի առանցքում երեխաների համար համաշխարհային երկխոսության հարթակ ստեղծելու գաղափարն է՝ անկախ նրանց ազգային, լեզվական կամ մշակութային պատկանելությունից։ Երկրից երկիր փոխանցվող գիրքն աստիճանաբար ձևավորվում է որպես խաղաղության մասին մանկական մտքերի, զգացմունքների և հույսերի յուրահատուկ հավաքածու, որն արտացոլում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաների ընդհանուր արժեքներն ու ձգտումները։

Հայաստանից հետո գիրքը փոխանցվել է Ճապոնիային։ Հուլիսի 9-ին կազմակերպվել է հայ և ճապոնացի դպրոցականների ու մանկավարժների առցանց հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել գրքի փոխանցման խորհրդանշական արարողությունը։ Նախաձեռնության հաջորդ փուլում ճապոնացի մասնակիցները գիրքը կուղարկեն Շրի Լանկա՝ շարունակելով խաղաղության համամարդկային ուղերձի միջազգային ճանապարհորդությունը։

Նախագիծը ոչ միայն ստեղծագործական համագործակցության հաջողված օրինակ է, այլև կարևոր հարթակ՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու և նրանց քաղաքացիական ներգրավվածությունը խթանելու համար։ Այն նպաստում է փոխըմբռնման, հարգանքի, հանդուրժողականության և համերաշխության արժեքների տարածմանը՝ ընդգծելով երիտասարդ սերնդի դերը խաղաղ և կայուն հասարակությունների ձևավորման գործում։

Նախատեսվում է, որ նոր ուսումնական տարվանից «Խաղաղության քամի» նախագիծը կընդլայնվի նաև Հայաստանի այլ դպրոցներում։ Գիրքը կշրջի հանրապետության տարբեր մարզերով՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով երեխաների ներկայացնել խաղաղության մասին իրենց պատկերացումները, արտահայտել սեփական մտքերն ու ստեղծագործական գաղափարները՝ գրավոր և պատկերային ձևաչափերով։

ՅՈՒՆՈՍԿՕ-ի ասոցացված դպրոցների հետ աշխատանքը  համակարգում է ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը։ 

 

Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին








 

Comments