ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցեցին «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվա Մեստրոնին,  Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Իր խոսքում նա կարևորեց կրթական համակարգում հոգեկան առողջության պահպանմանն ու հոգեսոցիալական աջակցության ծառայությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը սովորողների բարեկեցության, ներառական կրթության և անվտանգ կրթական միջավայրի ձևավորման գործում։

Հանդիպման շրջանակում կայացավ նաև պանելային քննարկում՝ «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական համակարգում․ ձեռքբերումներ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» թեմայով։

Քննարկմանը մասնակցեց ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։ Իր ելույթում նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները՝ ուղղված 21-րդ դարի մարտահրավերներին արձագանքելուն։ Նա առանձնահատուկ ընդգծեց Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) ներդրման նշանակությունը, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերն ու մեխանիզմները, որոնք նպաստում են կրթական հաստատություններում անվտանգ, ապահով և ներառական միջավայրի ձևավորմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և երկրի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվեցին իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, ծրագրի ազդեցությունն ու հետագա զարգացման հնարավորությունները։

Միջոցառման ավարտին պիլոտային ծրագրին մասնակից դպրոցներին և մանկապարտեզներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ ի գնահատում ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքի և ներդրման։












Comments