2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են Երևանից և կշարունակվեն հանրապետության մարզերում՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, վսրչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Միջոցառման մեկնարկից առաջ իրականացվել է կրթական էքսպո, որի շրջանակում մասնակիցներին ներկայացվել են կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը, նախաձեռնություններն ու նորարարական լուծումները։ Էքսպոն հնարավորություն է տվել կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթանալու ոլորտում իրականացվող աշխատանքներին, նոր գործիքներին և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված հնարավորություններին:
Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արաքսիա Սվաջյանը ողջունել է բոլոր ներկաներին՝ կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և կրթական համակարգի ներկայացուցիչների հետ անմիջական քննարկումների արդյունավետությունը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կրթական համակարգի կարևորագույն ուղղություններին և առաջնահերթություններին։ Մասնավորապես՝ քննարկվել են հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արդյունավետ կառավարման, կրթության որակի շարունակական բարելավման, ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների մասնագիտական զարգացման և կրթական նոր չափորոշիչների ու ծրագրերի արդյունավետ կիրառման հետ կապված հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր ուսումնական տարվա ընթացքում կրթական բարեփոխումների հետևողական իրականացմանը, դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների դերին, ուսումնական միջավայրի բարելավմանը, սովորողների կրթական կարիքների արդյունավետ հասցեագրմանը, ինչպես նաև կրթության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։
Նույն ժամանակահատվածում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները առկա և հեռավար ձևաչափերով հանդիպումներ են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների տեղակալների, մեթոդմիավորման նախագահների և ՆՈՒՀ-երի մեթոդիստների հետ։
Comments
Post a Comment