Հաղորդակցությունն ու մասնագիտական սահմանները՝ ուսուցիչների համար կազմակերպված սեմինարի առանցքում


Սեպտեմբերի 23-ին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) անցկացվեց «Հաղորդակցություն և մասնագիտական սահմաններ» խորագրով սեմինար, որին մասնակցեցին Երևանի և ՀՀ տարբեր մարզերի 33 ուսուցիչներ։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով կրթական միջավայրում արդյունավետ, հարգալից և մասնագիտական հաղորդակցության կարևորությունը։

Սեմինարը վարեց «Էթիկայի դպրոց»-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանը։ Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց գործընկերների, ղեկավարության և կրթական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հաղորդակցության առանձնահատկություններին, ուրիշի ժամանակի նկատմամբ հարգանքին, մասնագիտական հարաբերությունների սահմաններին, ինչպես նաև անհամաձայնությունը պատշաճ և հարգալից ձևով արտահայտելու գործիքներին։

Մասնակիցները քննարկեցին մասնագիտական միջավայրում հաճախ հանդիպող իրավիճակներ, համադրեցին հաղորդակցության տարբեր մոտեցումներ և ներկայացրին սեփական փորձից օրինակներ։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ մասնագիտական հաղորդակցության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ասելիքի բովանդակությամբ, այլև ճիշտ ժամանակի, հասցեատիրոջ, խոսքի ձևի և տոնայնության ընտրությամբ։

Սեմինարն անցկացվեց ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի և փորձի փոխանակման ձևաչափով։ Մասնակիցներն ընդգծեցին թեմայի գործնական նշանակությունը և ստացած գիտելիքներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու կարևորությունը։ Սեմինարները և նույնաբովանդակ վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ։




 

Comments