Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվեց «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական մարզային համաժողովը։
Համաժողովի նպատակն էր խթանել սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումը՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։
Միջոցառման ընթացքում ուսուցիչները մասնակցեցին մասնագիտական քննարկումների, ներկայացրին իրենց փորձը, դիտարկեցին ընթերցանության կիրառման տարբեր մոտեցումներ և քննարկեցին, թե ինչպես կարելի է ընթերցանությունը դարձնել ոչ միայն լեզվի և գրականության, այլև բոլոր ուսումնական առարկաների ուսուցման արդյունավետ գործիք։
Համաժողովի տարբեր ուղղություններով քննարկվեցին դասագիրքը նպատակային և խորքային կարդալու, գեղարվեստական տեքստի ընկալման և վերլուծության, PISA-ի արդյունքներով արձանագրված ընթերցանության մարտահրավերների, թվային միջավայրում տեքստերի հետ աշխատանքի, ինչպես նաև ընթերցածի վերլուծությունից սեփական, հիմնավորված խոսքի անցնելու հարցերը։
Համաժողովի ընթացքին ծանոթանալու նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ-ի մասնագետներն այցելեցին տարբեր դպրոցներ՝ հետևելով մասնագիտական քննարկումներին և ուսուցիչների կողմից ներկայացվող փորձին։
Իր խոսքում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը կարևորեց ընթերցանությունը՝ որպես սովորողի մտածողության, ինքնուրույնության և ուսումնառության կարողությունների զարգացման կարևոր հիմք։ Նա ընդգծեց, որ ընթերցանության զարգացումը պետք է լինի ամբողջ կրթական գործընթացի շարունակական բաղադրիչ և դուրս գա միայն մեկ առարկայի շրջանակից՝ դառնալով բոլոր դասերի բնական և նպատակային մասը։
Համաժողովը հնարավորություն տվեց մեկ հարթակում համադրել տարբեր առարկաների ուսուցիչների փորձը, բացահայտել արդյունավետ մոտեցումներ և քննարկել առկա խնդիրների գործնական լուծումները։ Մասնագիտական երկխոսության արդյունքում ձևավորվեցին նոր գաղափարներ և համագործակցության հնարավորություններ, որոնք կարող են շարունակվել նաև դպրոցական մակարդակում։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին


Comments
Post a Comment