Կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն զարգացումը ժամանակակից կրթության կարևոր ուղղություններից են։ Երիտասարդների իրազեկվածության բարձրացումը, բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն ու բնապահպանական նախաձեռնություններին նրանց ակտիվ մասնակցությունը կարևոր նշանակություն ունեն կայուն ապագայի ձևավորման գործում։
Այս համատեքստում առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվում նաև դպրոցականներին՝ իրենց փորձն ու տեսակետները ներկայացնելու միջազգային հարթակում։
Կենսաբազմազանության COP17-ի շրջանակում հոկտեմբերի 27-ին Երևանում նախատեսվում է անցկացնել «Կենսաբազմազանության կրթությունը դասարաններում» խորագրով պանելային քննարկում։ Քննարկմանը նախատեսվում է անդրադառնալ դպրոցներում կենսաբազմազանության կրթության իրականացման փորձին, դրա արդյունավետությանը, առկա հնարավորություններին և հետագա զարգացման ուղղություններին։
Պանելային քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի (ASPnet) Հայաստանի դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտները։ Նախատեսվում է, որ քննարկմանը կմասնակցի 1-2 աշակերտ, որոնք անգլերենով կներկայացնեն իրենց դպրոցներում կենսաբազմազանության կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների փորձը։
Աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնելու ոչ միայն իրենց դպրոցներում իրականացված ծրագրերն ու նախագծերը, այլև պատմելու շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման նախաձեռնություններին իրենց մասնակցության մասին։
Պանելային քննարկմանը մասնակցելու հայտ են ներկայացրել ASPnet-ի Հայաստանի չորս դպրոցներ։ Դպրոցների կողմից առաջադրված աշակերտները հրավիրվել են ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ հանդիպելու գործադիր տնօրեն Ժաննա Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ժաննա Հարությունյանը կարևորեց աշակերտների մասնակցությունը COP17-ի շրջանակում անցկացվող քննարկմանը՝ ընդգծելով, որ նման հարթակները հնարավորություն են տալիս սովորողներին ոչ միայն ներկայացնելու իրենց փորձը, այլև հանդես գալու սեփական գաղափարներով ու առաջարկություններով։
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ աշակերտները միջազգային և մասնագիտական քննարկումներում հանդես կգան որպես իրենց դպրոցների փորձը ներկայացնող երիտասարդներ՝ հնարավորություն ունենալով իրենց ձայնը հասցնել տարբեր ոլորտների մասնագետներին և որոշումներ կայացնողներին։
Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց տեսակետները կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության վերաբերյալ, պատմեցին դպրոցներում և համայնքներում իրականացված իրենց ծրագրերի, նախագծերի ու նախաձեռնությունների մասին։
COP17-ի շրջանակում «Կենսաբազմազանության կրթությունը դասարաններում» թեմայով քննարկմանը աշակերտների մասնակցությունը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու սովորողների ձայնի կարևորությունը կրթական գործընթացում։
Նարինե Մնացականյան
ՈՒՄԶ բաժին
Comments
Post a Comment