Մշտադիտարկումներ Երևանի 1-2 տարեկան սաների հետ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի ու  ԿԶՆԱԿ հիմնադրամի նախադպրոցական մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ «Վաղ մանկության 2-րդ տարիքային խմբեր» ունեցող ներքոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝

  • «Երևանի հ․ 44 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․
  • «Երևանի հ․ 140 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ․

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել են սաների հետ իրականացվող մանկավարժական աշխատանքները, ծնողական համայնքի հետ համագործակցության առանձնահատկությունները, ինչպես նաև հաստատության գույքային հագեցվածությունը։

Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի սաներից մեկի մայրիկի հետ անհատական զրույցի ընթացքում ծնողը բարձր է գնահատել երեխայի հարմարվողականության (ադապտացիայի) փուլի կազմակերպումը՝ նշելով, որ դրա շնորհիվ երեխան հեշտությամբ է ինտեգրվել նոր միջավայրին։

Մշտադիտարկում է անցկացվել նաև կրտսեր առաջին խմբում, որի սաները նախորդ ուսումնական տարում հաճախել են վաղ մանկության տարիքի երկրորդ (ծրագրի շրջանակում առաջին անգամ ներդրված, փորձարկվող) խումբ։ Դաստիարակներն իրենց խոսքում անդրադարձել են երեխաների խոսքի զարգացմանը, ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանն ու հարմարվողականության գործընթացի արդյունավետությանը՝ հատուկ ընդգծելով սաների սահուն անցումը վաղ մանկության տարիքի երկրորդ խմբից կրտսեր առաջին խումբ։

Գործընթացի հաջորդ փուլում իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, որին հաջորդել են մանկավարժների համար կազմակերպված սեմինարները՝ «Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան» թեմայով։












Comments