Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը, որին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և ՀՀ մարզերից։
Համաժողովն անցկացվել է 2026-2027 ուսումնական տարին Ընթերցանության տարի հռչակելու համատեքստում՝ նպատակ ունենալով խթանել սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումը՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ և գործընկերներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընթերցանության հմտությունների զարգացումը՝ ընդգծելով, որ ընթերցանությունը չպետք է սահմանափակվի միայն լեզվական առարկաների շրջանակում։ Նրա խոսքով՝ սովորողը պետք է կարողանա ոչ միայն կարդալ և հասկանալ տեքստը, այլև վերլուծել, համադրել տեղեկատվությունը, ձևակերպել սեփական տեսակետն ու կիրառել ստացած գիտելիքը տարբեր իրավիճակներում։
Նախարարը կարևորել է նաև դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը և կրթական գործընթացում քննարկման, հաղորդակցության ու քննադատական մտածողության զարգացման անհրաժեշտությունը։
Համաժողովի շրջանակում մասնագիտական քննարկումները շարունակվել են «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկմամբ։
Քննարկմանը մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը: Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել 21-րդ դարում ընթերցանության փոփոխվող ընկալմանը, տեքստի հետ աշխատելու նոր մոտեցումներին, սովորողների քննադատական մտածողության զարգացմանը և կրթական գործընթացում ընթերցանության դերի ընդլայնմանը։ Ժաննա Հարությունյանն իր խոսքում կարևորել է սովորողների ընթերցողական կարողությունների զարգացումը բոլոր դասերի ընթացքում, ինչի ուղղությամբ ԿԶՆԱԿ-ը մի շարք ծրագրեր է իրականացնում։
Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ ուղղություններով՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին, որից «Գեղարվեստական տեքստ՝ ընկալումից՝ հեղինակային խոսք» թեմայով պանելային քննարկումը վարել է ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն։ Շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվել է 22 ուսուցիչ՝ «Ամսվա լավագույնները» մրցույթի հանրագումարի շրջանակում։
Համաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ ԵՄ աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Երևանի պետական համալսարանի և ԿԶՆԱԿ հիմնադրամի համագործակցությամբ:






Comments
Post a Comment