Հոկտեմբերի 27-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանություն. ուսուցիչների և անչափահասների կարողությունների զարգացում՝ առցանց սեռական բռնության, ռիսկային վարքագծի կանխարգելման և վերացման նպատակով» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարը։ Ծրագիրն այժմ գտնվում է իրականացման երկրորդ փուլում, որի շրջանակում նախատեսվում են վերապատրաստումներ և նախագծային աշխատանքներ ևս 10 դպրոցի 30 ուսուցչի և 200 անչափահասի մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վիրաբ Համբարձումյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Հեղինար Մելքոմ Մելքոմյանը։
Ծրագրի նպատակն է ամրապնդել երեխաների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը՝ զարգացնելով ուսուցիչների, կրթության ոլորտի մասնագետների և անչափահասների կարողությունները, բարձրացնելով նրանց իրավական ու թվային իրազեկվածությունը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը կարևորել է երեխաների համար անվտանգ և վստահելի կրթական միջավայրի ապահովումը, մանկավարժների պատրաստվածությունն ու պատասխանատու ներգրավվածությունը երեխաների պաշտպանության գործում։ Նա ընդգծել է, որ թվային միջավայրի հնարավորություններից անվտանգ օգտվելու համար անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներ, այլև երեխային լսելու, վտանգի ազդակները ճանաչելու և ժամանակին աջակցություն ցուցաբերելու կարողություններ։ Այս համատեքստում կարևորվել է նաև կրթական հաստատությունների, ընտանիքների և համապատասխան կառույցների համակարգված համագործակցությունը։
Սեմինարի ընթացքում Ժաննա Հարությունյանը ներկայացրել է «Երեխաների անվտանգությունը թվային միջավայրում։ Առցանց սեռական բռնության բնույթը, հիմնական ձևերը և կանխարգելումը կրթական միջավայրում» թեման՝ անդրադառնալով առցանց սպառնալիքների ճանաչմանն ու դպրոցում կանխարգելիչ աշխատանքի կազմակերպմանը։
Իրավաբան Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է «Երեխաների պաշտպանությունը առցանց սեռական բռնությունից․ ուսուցչի դերը, պարտականությունները և արձագանքման քայլերը» թեման՝ անդրադառնալով երեխաների պաշտպանության իրավական մեխանիզմներին, դեպքերի հաղորդման և համապատասխան ծառայություններին ուղղորդման հարցերին։
Հոգեբան Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է «Առցանց սեռական բռնության հոգեբանական ազդեցությունը երեխայի վրա» թեման՝ կարևորելով երեխայի հուզական վիճակի նկատմամբ զգոնությունը, վստահության մթնոլորտի ձևավորումը և ժամանակին հոգեբանական աջակցությունը։
2026 թվականի դեկտեմբերի 18-ին Մատենադարանում նախատեսվում է անցկացնել ծրագրի ամփոփիչ միջոցառումը՝ ներկայացնելով ծրագրում ընդգրկված 360 անչափահասների ձեռքբերումներն ու լավագույն աշխատանքները։ Միջոցառմանը նախատեսվում է 100 երեխայի մասնակցություն։
Սեմինարն ավարտվել է քննարկում-ամփոփմամբ, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ներկայացված թեմաներին և երեխաների առցանց անվտանգության ապահովման գործում ստացած գիտելիքների կիրառմանը։
Comments
Post a Comment